Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընդունելության հրավերի չեղարկումը գնահատել է որպես «հումանիտար ակտ հօգուտ ընդդիմության, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

«Դա լուրջ չէ։ Երեք օր առաջ հրավեր ուղարկեցին, իսկ հետո չեղարկեցին այն։ Դա ինքնատիպ հումանիտար ակտ էր հօգուտ ընդդիմության, սակայն դա ոչ մի գործնական էֆեկտ չի ունենա նաեւ ընդդիմության համար»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթից հետո։

Այն մասին, որ Բայդենի վարչակարգը որոշել է չհրավիրել Վրաստանի վարչապետին ավանդական ընդունելությանը՝ ի պատիվ ՄԱԿ բարձր շաբաթի մասնակիցների, սեպտեմբերի 25-ին տեղեկացրել է «Голос Америки»-ն։ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունում ասել են, որ պատճառը Վրաստանի կառավարության հակադեմոկրատական գործողություններն են եւ հակաարեւմտյան ապատեղեկատվությունը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դա գնահատել է որպես «երկրի ներքին գործերին միջամտության դրսեւորումներից մեկը»։ Նրա կարծիքով՝ «ընդդիմության վիճակն այնքան տխուր է, որ ԱՄՆ վարչակազմն անգամ չի խորշում ոչ ստանդարտ գործողություններից, որպեսզի ինչ-որ կերպ աջակցի նրանց»։