ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները հինգշաբթի Նյու Յորք նահանգի վերաքննիչ դատարանին փորձել են համոզել չեղյալ համարել ԱՄՆ նախկին նախագահի նկատմամբ գրեթե կես միլիարդ դոլարի դատավճիռը՝ անշարժ գույքի առևտրային պրակտիկայիա առնչությամբ, որը դատավորը խարդախություն է համարել:
Դատավոր Արթուր Էնգորոնը փետրվարին Թրամփին՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուին պարտավորեցրել է վճարել 454,2 միլիոն դոլար տուգանք և տոկոս՝ իր զուտ կարողությունը ուռճացնելու համար՝ բանկիրներին ավելի լավ վարկավորման պայմաններ տրամադրել դրդելու համար: Քաղաքացիական գործը հարուցել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը։
Թրամփի փաստաբան Ջոն Սաուերը բողոքարկման ընթացքում դատավորներին հայտարարել է, որ գործը չափազանց ուշ է հարուցվել, և որ անարդար կլինի նախկին նախագահի տասնամյակների պատմություն ունեցող ֆինանսական հաշվետվությունների համար «չափազանց խոշոր ֆինանսական տուգանք» կիրառելը, որոնք, ըստ Էնգորոնի՝ ապօրինի ուռճացված են:
«Այս գործը ներառում է վաղեմության ժամկետի և համապատասխան նախադեպային իրավունքի ակնհայտ ոտհանարում»,-նշել է Սաուերը:
Դատավորի որոշումը սպառնալիք է այն բիզնես կայսրության համար, որը Թրամփը կառուցել է տասնամյակների ընթացքում, այդ թվում՝ հյուրանոցներ, գրասենյակային շենքեր և գոլֆի դաշտեր ամբողջ աշխարհում:
Տոկոսները շարունակում են աճել, և Թրամփի պարտքը արդեն 478,3 միլիոն դոլար է կազմում: Գործը մի շարք իրավական խճճվածություններից մեկն է, որոնց բախվել է Թրամփը 2021 թվականին Սպիտակ տնից հեռանալուց հետո: Նա պարտք է մոտ 90 միլիոն դոլար դաշնային քաղաքացիական տույժերի համար՝ գրողին զրպարտելու համար, որն իրեն մեղադրել է սեռական ոտնձգության մեջ, և մայիսին դատապարտվել է պոռնոաստղին փող վճարելու առնչությամբ քրեական գործով: Թրամփը հերքել է որևէ ապօրինություն և հայտարարել է, որ գործերը հարուցվել են նրա նախընտրական արշավը խաթարելու նպատակով:





























