Այո, ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների  վերադարձի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Դրա ամենավերջին ապացույցը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետի  ելույթում և Նյու-Յորքում տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում գերիների և պատնդների թեմային ընդհանրապես չանդրադառնալն է»․- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։

Նրա  խոսքով՝ քաղաքական հստակ գործողությունների բացակայության պայմաններում իրավական ուղղությամբ արվող քայլերն օգուտ չեն տալիս։  

«Իրապես չգիտեմ, միգուցե ոչ հանրային ինչ որ բան արվում է, բայց առնվազն շահագրգիռ կողմերը, որոնք պետք է տեղեկություն ունենան, թե ինչ է կատարվում, չեն տեսնում քաղաքական որոշակի հստակ գործողությունները։

Իրավական դաշտում արվում է, բայց 2020 թվակաանից հետո համոզվել ենք՝ իրավական ճանապարհով այս խնդրի լուծմանը հասնել անհնար է, պետք է ուժեղ քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ինչը, ցավոք սրտի, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չի արվում։

Հարցի լուծումը քաղաքական դաշտում է, պետք է ավելի շատ ջանքեր ներդրվեն հասնելու որոշակի հաջողությունների»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների  ու գերիների և  նրանց տունդարձի համար։

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ  սեպտեմբերի 27-ին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվել է և Բաքվի բանտ տեղափոխվել հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդել են Արցախի նախկին  քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի հայեր: