Չինաստանն ու Թայվանը բաժանող Թայվանի նեղուցով նորագույն պատմության մեջ առաջին անգամ ճապոնական ռազմանավ է անցել, հայտնում է BBC-ն։ Դա առաջացրել է Պեկինի սպասված ցասումնալից արձագանքը, որն այս կապակցությամբ բողոքի նոտա է հղել Տոկիոյին։
Ռազմածովային «Սազանամի» նավը չորեքշաբթի նավարկել է նեղուցով՝ շարժվելով դեպի հարավ՝ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից նավերի ուղեկցությամբ, հայտնել են ճապոնական լրատվամիջոցները: Երկրի կառավարությանը հղումով նրանք պարզաբանել են, որ նավն ուղևորվում էր Հարավչինական ծովում անցկացելիք զորավարժությունների։
Նեղուցով անցնելը Ճապոնիայի կողմից կարևոր քաղաքական ժեստ է: Ընդհանրապես ընդունված է, որ Տոկիոն միտումնավոր չի ուղարկել իր նավերն այնտեղ, որպեսզի ևս մեկ անգամ չփչացնի հարաբերությունները Պեկինի հետ. և՛ Թայվանը, և՛ մայրցամաքից բաժանող նեղուցը համարվում են Չինաստանի ինքնիշխան տարածքը։
Ճապոնիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել նավի տեղաշարժի մասին տեղեկությունը՝ վկայակոչելով ռազմական գործողության գաղտնիությունը։
Սակայն հինգշաբթի Չինաստանը հաստատել է, որ զինված ուժերը պատասխանել են «ճապոնական ինքնապաշտպանական ուժերի նավի գործողություններին, որը մտել է Թայվանի նեղուց»։
«Չինաստանն ուշադիր հետևում է Ճապոնիայի քաղաքական մտադրություններին և խիստ բողոքներ է ուղարկել նրան»,-հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը:
Չինական Global Times պետական պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ չինացի զինվորականները «հսկել են նավերը ամբողջ երթուղու երկայնքով և վերահսկել իրավիճակը՝ պահելով այն վերահսկողության տակ»։





























