Նյու Յորքի Trump Tower կենտրոնում տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության 2024 թվականի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ այսօրվա հանդիպումն առաջինն էր Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո։
Հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահի թեկնածուն և Ուկրաինայի նախագահը զրուցել են լրագրողների հետ։
Թրամփը նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա հավաստիացրել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է համագործակցել Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության երկու կողմերի հետ և համոզմունք հայտնել, որ ինքը շատ արագ կլուծի այդ հակամարտությունը:
Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել իր մշակած «հաղթական ծրագիրը»։
ԱՄՆ նախագահի թեկնածուն ու Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել այս տարվա հուլիսին։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածու Թրամփը բազմիցս քննադատել է Զելենսկուն և կասկածներ հայտնել Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի հաղթանակի հասնելու հնարավորության առնչությամբ։





























