Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «չի հասկանում պատերազմի դադարեցման վերաբերյալ Չինաստանի և Բրազիլիայի նախաձեռնությունն աջակցելու Շվեյցարիայի որոշման տրամաբանությունը»: ԱԳՆ-ի հայտարարության համաձայն, այս նախաձեռնությունը չի համապատասխանում Ուկրաինայի շահերին և միայն կբարդացնի Ուկրաինայի համար խաղաղության հասնելու գործընթացը, հայտնում է РБК-Украина-ն։
«Մենք չենք կարող հասկանալ նման որոշման տրամաբանությունը։ Չէ որ Շվեյցարիայի Համադաշնության հետ միասին ենք հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկում կազմակերպել Խաղաղության առաջին գլոբալ գագաթնաժողովը, որին մասնակցել են հարյուր երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Շվեյցարիան մասնակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» կոնկրետ կետերի շուրջ թեմատիկ կոնֆերանսների, որոնց նպատակը խաղաղության ընդհանուր շրջանակ պատրաստելն է։
Ուկրաինայի ԱԳՆ-ն համոզված է, որ Ուկրաինայում խաղաղության վերականգնման բոլոր գաղափարները, քննարկումներն ու ծրագրերը պետք է հիմնված լինեն երկու սկզբունքի վրա.
Նախ՝ առանց Ուկրաինայի ոչինչ Ուկրաինայի մասին։
Երկրորդ՝ այդ առաջարկները պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության վրա և ներառեն հարգանք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
ԱԳՆ-ն ուկրաինական «Խաղաղության բանաձևը» համարում է համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն համոզված է, որ անընդունելի է ցանկացած նախաձեռնություն, որը հստակ հղում չի պարունակում ՄԱԿ-ի կանոնադրությանը և չի երաշխավորում Ուկրաինայի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը։
Շաբաթ օրն ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Ուկրաինայում պատերազմի դադարեցման Չինաստանի և Բրազիլիայի առաջարկած խաղաղ ծրագրին աջակցելու մասին:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նիկոլյա Բիդոն հայտարարել էր, որ մայիսին առաջին անգամ հրապարակված ծրագրի նկատմամբ Շվեյցարիայի տեսակետը փոխվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հղում է ավելացվել համաշխարհային կազմակերպության հիմնադիր պայմանագրին, որը երկրներին պարտավորեցնում է պահպանել խաղաղությունը:





























