Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հաստատել է, որ Հունաստանը չի ճանաչում Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսը և փոխզիջման չի գնա նրա ինքնիշխանության հարցում: Ղեկավարները հանդիպել են երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, որը նրանց երկրորդ հանդիպումն էր երկու ամսվա ընթացքում՝ հուլիսին վաշինգտոնյան հանդիպումից հետո, հաղորդում է Kathimerini-ն:
«Այն փաստը, որ մենք խոսում ենք Էրդողանի հետ, չի նշանակում, որ մենք ամեն ինչում համաձայն ենք»,- ճեպազրույցում ասել է Հունաստանի վարչապետը։
Նա հայտնել է միգրացիայի ոլորտում համագործակցության ամրապնդման պայմանավորվածությունների և 2025 թվականի սկզբին նախատեսված բարձր մակարդակի հանդիպման մասին։
Կիպրոսը մասնատվել է 1974 թվականին թուրքական ներխուժումից հետո, իսկ 2017 թվականից ի վեր խաղաղ բանակցությունները փակուղի են մտել:





























