Սաուդյան Արաբիան մտադիր է բժշկական և հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբանանի այն բնակիչներին, որոնք հայտնվել են «կրիտիկական հանգամանքներում» Հըզբոլլահի դեմ իսրայելական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Աջակցելով Լիբանանի եղբայրներին՝ թագավորության ղեկավարությունը հրամայել է բժշկական և հումանիտար օգնություն ցուցաբերել լիբանանցիներին՝ աջակցելու նրանց այս կրիտիկական հանգամանքներում», - ասվում է X-ում նախարարության էջում հրապարակված փաստաթղթում։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, թագավորությունը «մեծ մտահոգությամբ» հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին և հանդես է գալիս հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման օգտին։ «Սաուդյան Արաբիան վերահաստատում է իր աջակցությունը եղբայրական լիբանանցի ժողովրդին այս առճակատման մեջ», - ավելացրել է գերատեսչությունը: