Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը նոյեմբերի 6-7-ը այցելել է Միլան, ուր հանդիպումներ է ունեցել նահանգային եւ քաղաքային իշխանությունների, Միլանի առեւտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաեւ Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի դեսպանը հանդիպել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստայի հետ: Կողմերը քննարկել են Միլանի նահանգի եւ Հայաստանի Շիրակի մարզի համագործակցության հեռանկարը, նաեւ Հայաստանում Միլանի գործարար շրջանակների համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Նույն օրը դեսպանը հանդիպել է Միլանի քաղաքապետ Լետիցիա Մորատտիի հետ: Միլանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել համագործակցություն հաստատելու հայաստանյան որեւէ քաղաքի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ հաջորդ տարի Միլանում քաղաքապետարանի հովանավորությամբ անցկացնել «Հայաստանի օր»:
Միլանի «Հայ Տանը» դեսպան Կարապետյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Դեսպանը միլանահայությանը ներկայացրել է հայ-իտալական հարաբերությունների ու Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը:




























