Ճապոնիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սիգերու Իսիբայի թեկնածությանը կառավարության ղեկավարի պաշտոնում։

Այն բանից հետո, երբ Իսիբային կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատի կայսր Նարուհիտոն, նա կդառնա երկրի պատմության մեջ 102-րդ վարչապետը։

Ինչպես նշել է Reuters-ը, Իսիբան մինչ այդ չորս անգամ տանուլ է տվել կուսակցության առաջնորդի եւ համապատասխանաբար վարչապետի պաշտոնի համար պայքարը։ Իր թեկնածությունն առաջադրելով հինգերորդ անգամ 2024թ.՝ Իսիբան հայտնել է, որ սա իր վերջին փորձն է, գրել է The Japan News-ը։

Այն բանից հետո, երբ Իսիբան հաղթել է ներկուսակցական ընտրություններում, նրա նշանակումը վարչապետի պաշտոնում փաստորեն ձեւականություն էր. Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վերահսկում է խորհրդարանի երկու պալատները։

67-ամյա Իսիբան ավելի վաղ զբաղեցրել է պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարների պաշտոնները։