ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարձակումն Իսրայելի վրա «ըստ ամենայնի անհաջողության է մատնվել և անարդյունավետ էր»:
«Այս հարձակումը լուրջ հետևանքներ կունենա, և մենք կաշխատենք Իսրայելի հետ՝ դա ապացուցելու համար»,-հայտարարել է Սալիվանը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ժամանակ:
Հարցին՝ ինչպիսին կարող է լինել այդ պատասխանը, Սալիվանը պատասխանել է, որ Միացյալ Նահագներն այդ հարցի շուրջ արդեն սկսել է քննարկումներն Իսրայելի հետ, և որ այդ բանակցությունները կշարունակվեն, սակայն նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել:
Իրանն այսօրվա հարձակման ժամանակմոտ 200 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, և ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչները միացել են իսրայելական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին՝ արձակելով կալանիչներ, որոնք խոցել են Իսրայելի ուղղությամբ թռչող հրթիռները, հայտարարել է Սալիվանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը հարձակմանը հետևել են Սպիտակ տան իրավիճակների սենյակից՝ ազգային անվտանգության իրենց օգնականների հետ միասին։ Սալիվանը հավելել է, որ ԱՄՆ-ը դեռևս աշխատում է հարձակման հասցրած վնասը գնահատելու համար, սակայն ներկայում կարծում են, որ միակ զոհը պաղեստինցին է, որն, ըստ տեղեկությունների, սպանվել է Հորդանան գետի Արևմտյան ափի Երիքով քաղաքում:
«Սա զգալի էսկալացիա է Իրանի կողմից, և նույնքան կարևոր է, որ մենք կարողացանք համագործակցել Իսրայելի հետ և ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այս հարձակման հետևանքով Իսրայելում ոչ ոք չզոհվեց։ «Մենք հիմա կքննարկենք՝ ինչ հաջորդ քայլեր պետք է ձեռնարկենք՝ առաջին հերթին Ամերիկայի շահերն ապահովելու, այնուհետև՝ հնարավորինս մեծ չափով կայունությունը խթանելու համար, առաջ շարժվելուն զուգընթաց»,-շեշտել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:





























