Վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Վիդադի Իսգանդարլին, որը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների կոշտ քննադատությամբ, մահացել է Ֆրանսիայում դաժան ծեծից եւ դանակահարությունից հետո՝ նրա բնակարանի վրա կատարված հարձակման ժամանակ։
Մահացու հարձակումը նրա վրա կատարվել է ըստ վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների դեմ բռնության կրկնվող սխեմայի։ 2021թ. վտարանդիության մեջ գտնվող մեկ այլ քաղաքական գործիչ՝ Մոհամադ Միրզալին, ողջ է մնացել դանակահարությունից հետո։
«Իմ եղբայրը ոչ մի պատկերացում չուներ այն մասին, թե ովքեր էին հարձակվողները եւ ինչով էր մոտիվացված նրանց հարձակումը... Նրանք չէին խոսում, եւ նրանք դիմակներով էին, ինչն անհնար էր դարձնում նրանց ճանաչելը»,- ասել է զոհվածի եղբայր Օքթայ Իսգանդարլին «Радио Свобода»-ի հարցազրույցում։
«Կասկած չունեմ, որ սա քաղաքականապես մոտիվացված սպանություն է։ Իմ եղբայրը դիմացել էր մոտ 15 հարձակվողների նախորդ հարձակմանը 2022թ. այստեղ, Ֆրանսիայում»,- ավելացրել է նա։
Օքթայ Իսգանդարլին պատմել է, որ հուսահատ տեսազանգ է ստացել եղբորից սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան, երբ նա բարձը սեղմել էր որովայնին՝ փորձելով կանգնեցնել արնահոսությունը երեք դիմակավոր տղամարդկանց հարձակումից հետո, որոնք ներխուժել էին նրա բնակարան Ֆրանսիայի արեւելքում, Մյուլուզում։
«Երբ ես եկա, ոստիկանությունն օղակել էր շրջանը, եւ ես չկարողացա խոսել նրա հետ նրան հիվանդանոց տանելուց առաջ»,- պատմել է Օքթայ Իսգանդարլին։
Բժիշկները հայտնել են, որ Վիդադի Իսգանդարլին դանակի առնվազն 21 հարված է ստացել որովայնին, ինչպես նաեւ հարվածներ մարմնին եւ գլխին։ Նա այդպես էլ գիտակցության չի եկել եւ մահացել է ստացած վերքերից հոկտեմբերի 1-ի առավոտյան։
Վիդադի Իսգանդարլին հայտնի էր որպես Ադրբեջանի կառավարության եւ նախագահ Իլհամ Ալիեւի, որը 2003 թվականից իշխանությունն իր ձեռքում է պահում, մոլի քննադատ։
2010թ. Վիդադի Իսգանդարլին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, որոնք նա անվանել է կեղծված այն բանից հետո, երբ ընդդիմադիր թեկնածուները խորհրդարան չանցան։ Այնուհետեւ նա օգնել է կազմակերպել բողոքներ ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ։
2011թ. ձերբակալվելով եւ մեղադրվելով տարբեր իրավախախտումների համար, ներառյալ հարձակումը եւ միջամտությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքին, Վիդադին չի ընդունել մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ դրանք քաղաքականացված են։
Նա դատապարտվել է 3,5 տարվա բանտարկության, բայց ազատ է արձակվել 2012թ. դեկտեմբերի սկզբին նախագահի համաներմամբ։
Զգուշանալով հետագա հետապնդումներից՝ Վիդադին, նրա եղբայրը եւ նրանց ընտանիքները տարագրվել են Ֆրանսիա 2015թ.։





























