Սինգապուրի դատարանը հինգշաբթի նախկին նախարարին դատապարտել է 12 ամսվա ազատազրկման՝ արդարադատությանը խոչընդոտելու և ավելի քան 300 հազար դոլար արժողությամբ նվերներ ընդունելու համար՝ իր արդար կառավարմամբ հայտնի քաղաք-պետության նախկին կաբինետի անդամի առաջին բանտարկությունը, հայտնում է Reuters գործակալությունը։
Ս. Իսվարանը, որը 13 տարի եղել է կաբինետի անդամ և զբաղեցրել է առևտրի, ինչպես նաև կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնները, անցյալ շաբաթ իրեն չորս կետով մեղավոր է ճանաչել նվերներ ապօրինի ընդունելու և արդարադատությանը խոչընդոտելու գործով:
Վարչապետ Լոուրենս Վոնգն իր գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ միաժամանակ հիասթափված և վշտացած է դեպքի կապակցությամբ: Ըստ վարչապետի՝ «թեև ցավալի էր գործել գործընկերոջ և ընկերոջ դեմ, բայց մեր պարտքն է այդպես վարվել, երբ դա անհրաժեշտ է»։
«Մեր կառավարման համակարգը և քաղաքականությունը միշտ պետք է մնան մաքուր և զերծ կոռուպցիայից»,-նշել Վոնգը, որն այս տարվա մայիսին ստանձնեց Սինգապուրի չորրորդ վարչապետի պաշտոնը:
Գույքային մագնատ Օնգ Բեն Սենգը, որն, ի թիվս այլ բաների, Իսվարանին է տրամադրել Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլային խաղերի, Ֆորմուլա 1-ի Սինգապուրի Գրան պրիի, լոնդոնյան մյուզիքլների և մասնավոր ինքնաթիռներով թռիչքների տոմսեր, ըստ դատարանի՝ ուրբաթ օրը մեղադրանք կառաջադրվի։
Իսվարանը Սինգապուրի Գրան Պրիի ղեկավար կոմիտեի խորհրդականն էր, երբ 78-ամյա Օնգն օժտված է մրցավազքի անցկացման իրավունքով: Նշանակված պատիժն ավելի խիստ էր, քան մեղադրող կողմի պահանջած վեցից յոթ ամիսը, որն, ըստ նախագահող դատավոր Վինսենթ Հուի՝ «ակնհայտորեն անբավարար էր»՝ հաշվի առնելով Իսվարանի հանցագործությունների ծանրությունը և հանրային վստահության վրա դրանց ազդեցությունը:
Անցյալ տարի Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսով Սինգապուրը դասվել էր աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրների հնգյակում:





























