Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մերձակայքում մեկ օր առաջ տեղի ունեցած երկու պայթյունների առնչությամբ հինգշաբթի երկու շվեդ դեռահասներ են ձերբակալվել, հայտնել է Associated Press գործակալությունը։

Դատախազությունից հայտարարել են, որ քննիչները պարզում են՝ արդյո՞ք շարժառիթը կարող էր լինել ահաբեկչությունը: Չորեքշաբթի վաղ առավոտյան մի քանի օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչություններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով ոչ ոք չի տուժել, թեև մոտակայքի հրեական դպրոցը պայթյուններից հետո փակվել է: Դեռահասները, որոնց ինքնությունը դատարանի որոշմամբ չի կարող հրապարակվել, 27 օրով կալանավորվել են։

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և հինգ ձեռքի նռնակ կրելու համար նրանց նկատմամբ նախնական մեղադրանք է առաջադրվել։

Երկու նռնակներ են պայթել, երբ կասկածյալները դրանք նետել են դեսպանատան հարևան տան վրա, հայտնել է դատախազ Սորեն Հարբոն։

«Դա տեղի է ունեցել Իսրայելի դեսպանատանը շատ մոտ»,-ասել է Հարբոն հինգշաբթի կայացած դատական ​​նիստից առաջ:

Պայթյունները վնասել են հարևան տան տանիքի պատշգամբը։ Դիվանագիտական ​​ներկայացուցչությունը չի տուժել: Հինգշաբթի նախնական մեղադրանքի մասին հայտարարվելուց հետո դատական ​​նիստն անցկացվել է դռնփակ։

Դանիական DR հեռուստաընկերությունը, որը հաղորդում է դատարանի դահլիճից, հաղորդել է, որ 16 և 19 տարեկան դեռահասները կասկածվում են «մեկ կամ մի քանի հանցագործների հետ համատեղ և համաձայնեցված գործողությունների մեջ»: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երկու դեռահասներն էլ հերքում են մեղադրանքները: