Գրեթե երկու ամիս առաջ CNN-ը դիմել էր նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփի գրքի հրատարակչին՝ խնդրելով նախկին առաջին տիկնոջը՝ հուշերի թողարկումից առաջ հարցազրույց տալ։
Հնարավոր հարցազրույցի մասին մի քանի քննարկումներից հետո հրատարակիչը անցյալ շաբաթ արտասովոր պահանջ է ուղարկել. հարցազրույցը CNN-ի համար կարժենա 250 հազար դոլար:
CNN-ին ուղղված նամակում Skyhorse-ը «Գաղտնիության և չբացահայտման համաձայնագիր» խորագրով փաստաթուղթ է ուղարկել, որում հարցազրույցի և «Մելանիա» վերնագրով հոկտեմբերի 8-ին հրապարակվելիք գրքից նյութի օգտագործման խիստ պայմաններ են շարադրվել:
Հեռուստաալիքը հայտարարել է, որ համաձայնագիրը չի ստորագրել։
Օրեր անց, երբ CNN-ի մեկ այլ լրագրող կապ է հաստատել Skyhorse Publishing-ի հետ հարցազրույցի չափազանց մեծ վճարների մասին, հրատարակչությունը հայտարարել է, որ վճարման հարցումը սխալմամբ է ուղարկվել:
Skyhorse-ի նախագահ և հրատարակիչ Թոնի Լայոնսը CNN-ին հայտնել է, որ ո՛չ Մելանիան, ո՛չ նրա թիմից որևէ մեկը NDA-ի (Գաղտնիության և չբացահայտման համաձայնագիր) մասին ոչինչ չգիտեր և ուղարկված փաստաթուղթն ընդամենը թյուրիմացության արդյունք է:
«Եթե CNN-ը բնականոն գործունեության ընթացքում չհրապարակման մասին համաձայնագիր ստորագրեր, մենք կապ կհասնեինք Մելանիայի թիմի հետ՝ քննարկելու համար (հարցազրույցի մանրամասները)»,-նշել է նա:
Հեռուստաալիքն ընդգծել է, որ ԱՄՆ-ում հանրային գործչի, հատկապես քաղաքական թեկնածուի տիկնոջ հետ հարցազրույցի համար վճարելը խմբագրությունների մեծ մասում վրդովմունք է առաջացնում, և հավատարիմ են մնում խիստ կանոններին, որոնք արգելում են նման պրակտիկան:





























