Դատախազները հետաքննում են Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին՝ անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու և մարդկանց թրաֆիքինգի կասկածանքով։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Սեզար Սայլեսը։

«Մենք խոսում ենք այնպիսի ծանր հանցագործության մասին, ինչպիսին է մարդկանց թրաֆիքինգը։ Հետաքննություն է ընթանում պարոն Էվո Մորալեսի և մյուսների նկատմամբ»,- ասել է նա Բոլիվիայի հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է, որ հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։

Նախարարը նաև հայտնել է, որ գործով քննվում է «15-ամյա աղջկա բռնաբարությունը, որի արդյունքում նա հղիացել է»։ Սայլեսի խոսքով՝ Մորալեսը երեխայի ծննդյան վկայականում նշված է որպես հայր:

Ինքը՝ պետության նախկին ղեկավարը, հերքում է իր մեղքը և իրեն համարում քաղաքական հետապնդման զոհ։ Մորալեսի հետ աշխատող փաստաբաններից մեկը՝ Սեսիլիա Ուրկետան, Infobae ինտերնետային պորտալին ասել է, որ դրանք «հին լուրեր են, որոնք չեն կարող հաստատվել»։ Ենթադրյալ զոհը Մորալեսի դեմ հաղորդում չի ներկայացրել, ասել է նա: