Դանիայի Ֆոլկետինգի (խորհրդարանի) անդամ Ակի-Մաթիլդա Հյոգ-Դամը (Գրենլանդիայի «Հառաջ» կուսակցությունից) ստիպված է եղել լքել ամբիոնը, քանի որ հրաժարվել է դանիերեն թարգմանել գրենլանդերենով հնչեցրած իր խոսքը: Դրա մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ Հյոգ-Դամը բարձրացել է խորհրդարանի ամբիոն և գրենլանդերենով ութ րոպեանոց ելույթ է ունեցել՝ իր ելույթի թարգմանությունը նախապես բաժանելով օրենսդիր մարմնի անդամներին։ Սակայն Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեն հայտարարել է, որ «ելույթը չի կարող քննարկվել, եթե այն չի հնչում դանիերենով» և օրենսդիրի ներկայացուցչին խնդրել է հեռանալ ամբիոնից։ Նախագահը հավելել է, որ Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները ներկայացնող Ֆոլկետինգի անդամներն իրավունք ունեին խոսել իրենց պաշտոնական լեզուներով, եթե իրենք էլ անմիջապես թարգմանեին իրենց ելույթը դանիերեն, բայց Հյոգ-Դամը հրաժարվել է դա անել:

Գրենլանդիան Դանիայի Թագավորության կազմում լայն ինքնավարության իրավունք ունեցող տարածք է, (գրենլանդերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի, իսկ տեղական վարչակազմն իրավունք ունի ինքնուրույն տնօրինել կղզու բնական ռեսուրսները): Դանիայի վերահսկման տակ է մնում միայն պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերը։ Գրենլանդիան Դանիայի խորհրդարանում ներկայացված է երկու անդամով։