Ռումինիայի Գերագույն դատարանը հանել է ռուսաստանամետ ծայրահեղ աջ քաղաքական գործչին գալիք ընտրություններում նախագահի թեկնածուների ցուցակից՝ քաղաքական սպեկտրի բոլոր թեկնածուների շրջանում մտահոգություն առաջացնելով ժողովրդավարական արժեքների վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ նոյեմբերի 24-ին և դեկտեմբերի 8-ին, իսկ միջակայքում տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները։

Մոտ 20 քաղաքական գործիչներ պաշտոնապես մասնակցել են ընտրություններին, սոցհարցումները ցույց են տալիս, որ ընտրողների նախասիրությունները խիստ բաժանված են:

Նրանց թվում է Դիանա Սոսոակեն՝ SOS Ռումինիա, փոքր ծայրահեղ ազգայնական եվրասկեպտիկ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, որը հունիսին անսպասելիորեն երկու մանդատ ստացավ Եվրախորհրդարանում:

Ռումինիայի Սահմանադրական դատարանը շաբաթ օրը նիստ է գումարել՝ քննարկելու վեց թեկնածուների դեմ ներկայացված իրավական հայցերը:

Դատարանը մերժել է հինգ հայց, սակայն ընդունել է Սոսոակեի դեմ հայցերը՝ առանց իր որոշումը բացատրելու։

Սոսոակեն, որն ուղիղ հեռարձակում էր վարում Facebook-ում դատավճռի ընդունման ժամանակ, որոշման մեջ տեսնում է «ամերիկացիների, հրեաների և Եվրամիության մեքենայությունները»:

«Այսուհետ մենք ունենք հստակ ապացույցներ, որ Ռումինիայում խոսքը վերաբերում է բռնապետությանը և ժողովրդավարության իսպառ բացակայությանը», - ավելացրել է նա:

Դատարանը սովորաբար ավելի ուշ է հրապարակում  իր որոշումների մանրամասն բացատրությունները: Քաղաքական ողջ սպեկտրի գործիչներն ասում են, որ որոշումը աննախադեպ սպառնալիք է ժողովրդավարական արժեքների համար:

Քանի որ ինն անդամ ունեցող դատարանը քաղաքականապես է նշանակվում, շատ քաղաքական գործիչներ  մեղադրել են նրան միջամտության մեջ:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ձախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը պատկանող  վարչապետ Մարսել Չոլակուն, ամենայն հավանականությամբ, կանցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, սակայն պարզ չէ, թե ում դեմ է նա առաջադրվելու:

Թեև նրա դերը հիմնականում արարողակարգային է, սակայն նախագահի լիազորությունների մեջ են մտնում  ընտրություններից հետո վարչապետի թեկնածու առաջադրելը և դատավորների ու դատախազների նշանակումը: Այն ներառում է նաև արտաքին քաղաքականության վերահսկում, ինչը նշանակում է, որ նոր նախագահը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինային աջակցելու Ռումինիայի ջանքերում: