Հյուսիսային Կորեան նորից աղբով փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա։ Այս մասին տեղեկացրել է Սեուլի քաղաքապետարանը։
Ներկա ակցիան 25-րդն է մայիսի վերջից։ Հյուսիսային Կորեայի տարածքից այդ ընթացքում արձակվել է ավելի քան 5 հազար փուչիկ։ Նախորդ արձակումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին, հարավկորեական կողմը հաշվել է 320 փուչիկ։
Ավելի վաղ Փհենյանում նախազգուշացրել էին, որ անպատասխան չեն թողնի քարոզչաթերթիկների արձակումը Հյուսիսային Կորեայում հարավկորեական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից։ Հոկտեմբերի 3-ին ակտիվիստները փորձել էին ծովով ուղարկել մոտ 700 փաթեթ, որոնցում մթերքներ էին, դոլարներ, կրոնական գրականություն եւ USB-կուտակիչներ հարավկորեական սերիալներով։





























