Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ և վստահություն հայտնել, որ աշխարհը միահամուռ կաշխատի նրան կասեցնելու ուղղությամբ։
«Ինչպես ժամանակին Հիտլերին կասեցրին մարդկության ընդհանուր ջանքերով, Նեթանյահուն և նրա սպանությունները ևս կկասեցվեն։ Իսրայելը վաղ թե ուշ կհատուցի արդեն մեկ տարի շարունակ իրականացնող ցեղասպանության համար։ 365 օր առաջ դեռ կենդանի էին մեր 50 հազար եղբայրներն ու քույրերը. նրանց մեծ մասը, որոնք երեխաներ ու կանայք էին, գազանաբար սպանվել են։
Գազայում ավերվել են հիվանդանոցներ, տարբեր դավանանքների պաշտամունքի վայրեր, դպրոցներ։ Այլևս մեզ հետ չեն շատ լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խաղաղության դեսպաններ»,- Գազայում հակամարտության սկզբի առաջին տարելիցի կապակցությամբ X սոցիալական ցանցի իր էջում գրել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ «Գազայում, Պաղեստինում, Լիբանանում մահանում են ոչ միայն կանայք, երեխաներ և այլ անմեղ մարդիկ, այլև մարդկայնությունը, կազմակերպությունները, որոնք չեն շտապում ծառայել մարդկությանը և առհասարակ միջազգային համակարգին»։





























