Եվրախորհրդարանի բանաձևի հոկտեմբերի 9-ին քննարկվելիք նախագիծը պահանջում է պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Փաստաթուղթը պատրաստել են Եվրախորհրդարանի պատգամավորների տարբեր խմբերը։
Ընդհանուր առմամբ պատրաստվել է 7 բանաձև, սակայն դրանցից մեկը կընդունվի հոկտեմբերի 10-ին։ Իսկ բանաձևի տարբերակներից մեկում, որի նախաձեռնողներն են Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Մալգոժատա Գոշևսկայան եւ լատվիացի Ռիխարդս Կոլսը, Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում՝ «Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման և վրաց ժողովրդի շահերին հակասող գործողությունների պատճառով», հաղորդում է SOVA-ն։
Բանաձևում ողջունվում է «Վրացական երազանքի» պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ անձնական պատժամիջոցների կիրառումը և ԵՄ-ին կոչ է անում սահմանել նմանատիպ վիզային սահմանափակումներ «Օտարերկրյա գործակալների օրենքի» ընդունմանը մասնակցածների, բարձրաստիճան կուսակցական անդամների նկատմամաբ և ինչպես նաև ԵՄ մուտքի սահմանափակում «քաղաքական դրդապատճառներով որոշումներ ընդունած» դատավորների համար։
Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և երկրի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։
Բանաձևի տեքստում խոսվում է նաև հոկտեմբերի 26-ի ընտրությունների մասին՝ շեշտելով, որ այդ ընտրությունները շրջադարձային կլինեն և տասնամյակների կտրվածքով կորոշեն Վրաստանի ապագան։
Եվրախորհրդարանի անդամները Վրաստանի իշխանություններին կոչ են անում ապահովել ժողովրդավարական, արդար և ազատ ընտրությունների անցկացումը, որոնք պետք է համապատասխանեն Վրաստանի որդեգրած ժողովրդավարական չափանիշներին։





























