Հյուսիսային Կորեան կարագացնի իր քայլերը՝ վերափոխվելու ռազմական գերտերության և լուրջ միջուկային ուժի։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որի խոսքը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ժողովրդական հանրապետության ղեկավարը հոկտեմբերի 7-ին այցելել է Ազգային պաշտպանության համալսարան՝ հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ։ Ըստ Կիմ Չեն Ընի՝ Կորեական թերակղզում ռազմավարական հավասարակշռության խախտումը կհանգեցնի պատերազմի, հետևաբար ԿԺԴՀ-ի քաղաքականությունը՝ ուղղված ֆիզիկական միջոցներ ունենալուն, որոնք «թույլ են տալիս զսպել թշնամուն և վերահսկել իրավիճակը, լիովին արդարացի է»։ «Մեր քայլերը դեպի ռազմական գերտերություն՝ միջուկային տերություն, ավելի արագ են դառնալու», - ասել է ԿԺԴՀ նախագահը։
«Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության միջև ռազմական դաշինքը, ինչպես իրենք են պարծենում խամաճիկները, լիովին միջուկային է դարձել, նման իրավիճակում մենք պետք է պահպանենք անսահման բարձր մարտական պատրաստվածություն», - ավելացրել է Կիմ Չեն Ընը:
Նա հիշեցրել է, որ ժողովրդական հանրապետությունը չի բացառում միջուկային զենքի օգտագործումը։ «Մեզ առերեսվում է աշխարհի ամենամեծ միջուկային ուժը, և ամենաստոր խամաճիկները փորձում են շահարկել այն», - ասել է Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարը:
«Նման իրավիճակում գոյատևման հույս ունենալն անիմաստ է», - ասել է Կիմ Չեն Ընը: «Եվ դա ոչ մի կապ չունի հռետորաբանության հետ, ինչպես ասում է ՄԱԿ-ը, այլ ուղղակի և գործնական նախազգուշացում է», - հավելել է ԿԺԴՀ ղեկավարը: Նրա խոսքով, հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը խնդրել է ժողովրդական հանրապետությանը «նվազեցնել հռետորաբանության մակարդակը»։





























