Բելառուսի Քննչական կոմիտեն հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ քրեական գործ է հարուցել 22 անձի նկատմամբ, որոնք կասկածվում են պետական իշխանությունը զավթելու դավադրության մեջ։ Այս մասին հայտնում է Zerkalo-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Գործը հարուցվել է « Պլատֆորմ 2025» փաստաթղթի (.pdf) շուրջ, որն ընդունվել է Բելառուսի դեմոկրատական ուժերի կողմից օգոստոսին Վիլնյուսում «Նոր Բելառուս» համաժողովում։ Փաստաթղթում ասվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն «հանցավոր կերպով պահպանում է իշխանությունը», Բելառուսի պետական կառույցները լեգիտիմ չեն ընտրություններ անցկացնելու համար, իսկ «Պլատֆորմ 2025»-ի հիմնական խնդիրներն են «միավորել ջանքերը քաղբանտարկյալներին ազատ արձակելու և Բելառուսում բռնաճնշումներին վերջ տալու համար»։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Պլատֆորմ 2025»-ի մշակմանը մասնակցած ընդդիմադիրները փորձում են «2025 թվականին ընտրությունները խաթարելու ծրագիր մշակել»։ Ըստ քննիչների՝ «Պլատֆորմ 2025»-ը ստեղծվել է «սահմանադրական կարգի դեմ ոտնձգությունիրականացնելու, դրսից երկրի ներքին գործերին միջամտելու, մեր երկրի ազգային շահերին հակասող քաղաքական կուրս պարտադրելու, տեղեկատվական ապակառուցողական ազդեցության, ընտրարշավը վարկաբեկելու կամ խաթարելու, լարվածություն սրելու և հասարակության մեջ առճակատում հրահրելու համար»:
Քննչական կոմիտեում նշել են, որ քործով կասկածյալները մարդիկ են, «որոնք միացել են [ժողովրդավարական ուժերի առաջնորդ] Սվետլանա Տիխանովսկայայի և նրա կողմնակիցների գործունեությանը՝ հակասահմանադրական ճանապարհով Բելառուսի Հանրապետությունում պետական իշխանությունը զավթելու նպատակով»։
Բելառուսի Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ քրեական գործ է հարուցել ծայրահեղական կազմավորում ստեղծելու կամ դրան մասնակցելու հոդվածով օգոստոսի 9-ին «Արժանապատվության օրվա» շրջանակներում տեղի ունեցած համերաշխության երթերի մասնակիցների դեմ Եվրամիության տարբեր քաղաքներում, Ուկրաինայում, Վրաստանում եւ ԱՄՆ-ում։ Ըստ քննիչների՝ գործողությունները կազմակերպվել են «միջազգային ասպարեզում Բելառուսի Հանրապետության հեղինակությունը խաթարելու և երկրի ներկայիս ղեկավարությանը անվանարկելու նպատակով»: Գործ է հարուցվել 23 անձի նկատմամբ.
Քննչական կոմիտեից հավելել են, որ «կատարվում են քննչական գործողություններ՝ ստուգումներ, խուզարկություններ, գույքի առգրավում և դատավարական այլ միջոցառումներ»։
Մայիսին Բելառուսի Քննչական կոմիտեն լայնածավալ գործ է հարուցել բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի ընտրությունների 257 մասնակիցների նկատմամբ։ Այս կառույցը ստեղծվել է 2020 թվականի օգոստոսին Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերի ժամանակ՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Գործով ներգրավված անձինք, ի թիվս այլ բաների, մեղադրվում էին իշխանությունը զավթելու փորձի մեջ։
Բելառուսում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 20-ը։ Ընտրություններ դեռ նշանակված չեն։ Բելառուսի Բելպոլի անվտանգության նախկին պաշտոնյաների ասոցիացիայի ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեարկությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 23-ին։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջադրվելու է նոր ժամկետով։





























