Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը սպանել են լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթադրյալ նոր առաջնորդ Հաշեմ Սաֆիեդինին, որն անցյալ հինգշաբթի Բեյրութում ավիահարվածի թիրախ է դարձել, և պնդում է, որ Իսրայելը սպանել է նաև Սաֆիեդինի փոխարինողին՝ չնշելով, թե նա ով կարող էր լինել, գրում է Times of Israel պարբերականը:

Լիբանանի հանրությանը ուղղված տեսաուղերձում Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը թուլացրել է «Հըզբոլլահ»-ի հնարավորությունները:

«Մենք սպանեցինք հազարավոր ահաբեկիչների, նրանց թվում՝ անձամբ Նասրալլահին, նաև Նասրալլահին փոխարինողին, և նաև նրան, ով պետք է փոխարիներ Նասրալլահին փոխարինողին: «Հըզբոլլահ»-ն այսօր անհամեմատ ավելի թույլ է, քան եղել է շատ ու շատ տարիների շարունակ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն իր ուղերձի մեծ մասում լիբանանցիներին կոչ է արել «հետ խլել երկիրը «Հըզբոլլահ»-ի վերահսկողությունից»:

«Այժմ դուք՝ լիբանանցիներդ, կանգնած եք կարևոր ճամփաբաժանին: Դա ձեր ընտրությունն է: Լիբանանի քաղաքացիներն այժմ կարող են հետ խլել իրենց երկիրը։ Դուք կարող եք երկիրը վերադարձնել խաղաղության և բարգավաճման ճանապարհ: Եթե ​​դուք դա չանեք, «Հըզբոլլահը» կշարունակի ձեր հաշվին խիտ բնակեցված տարածքներից Իսրայելի դեմ պայքարելու փորձերը»,-շեշտել է Իսրայելի վարչապետը: