Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անարդար է որակել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը քննադատում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության որդեգրած քաղաքականությունը։
«Այս բանաձևի անարդարությունը շատ հստակ երևում է։ Խոսքը դարձյալ «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին պատժելու մասին է, «Ազգային շարժման» (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցություն) հովանավորչության մասին է խոսքը, և սա այն հիմնական կարմիր գիծն է, որն անցնում է այս բանաձևում։ Իհարկե, այս անարդար փաստաթուղթը գրոշի արժեք չունի, ինչպես նախորդ երեք բանաձևերը, և այն նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդ երեք բանաձևերը»,-«Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կոբախիձեն։
Ըստ նրա՝ բանաձևի հետևում կանգնած են ուժեր, որոնք ցանկանում էին Վրաստանում բացել Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատը»։ Նրանք, ինչպես նշել է Կոբախիձեն, բանաձևն ընդունել են հատուկ հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ՝ վրացի ընտրողների վրա ազդելու միտումով։
Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանի անդամները պաշտպանել են մի բանաձև, որը կոչ է անում սառեցնել ԵՄ ֆինանսավորումը Վրաստանին, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, նրանց թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ովքեր, ըստ եվրոպացի պաշտոնյաների, «խաթարում են ժողովրդավարությունը» երկրում: Բանաձևում քննադատություն կա նաև Վրաստանում օտարերկրյա գործակալների վերաբերյալ ընդունված օրենքների և ԼԳԲՏ քարոզչության արգելքի վերաբերյալ։





























