Բիշքեկի դատարանը դատավճիռ է կայացրել զանգվածային անկարգությունների կոչերի քրեական գործով։ Գործով մեղադրյալները Temirov Live յութուբ-նախագծի եւ նրա «Այթ Այթ Դեսե» մասնաճյուղի 11 գործող եւ նախկին լրագրողներ են։
Ինչպես գրել է «Радио Азаттык»-ը, երկու ամբաստանյալ ստացել է իրական ժամկետներ. նախագծի տնօրենին եւ հիմնադրի՝ Բոլոտ Թեմիրովի կնոջը՝ Մահաբաթ Թաժիբեկ կըզիին դատապարտել են վեց տարվա բանտարկության, լրագրող Ազամատ Իշենբեկովին՝ հինգ տարվա։
Աքտիլեկ Կապարովը եւ Այկե Բեյշեկեեւան մեղավոր են ճանաչվել, բայց ստացել են երեք տարի պայմանական։ Նրանց ազատ են արձակել դատարանի դահլիճից։ Յոթ լրագրողներ՝ Ժոոդար Բուզումովը, Մակսատ Թաժիբեկ ուուլը, Թինիստան Ասիվբեկովը, Սայպիդին Սուլթանալիեւը, Սապարբեկ Ակունբեկովը, Աքըլ Օրոզբեկովը եւ Ժումաբեկ Թուրդալիեւը, արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով։
Դատախազությունը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար խնդրել է վեց տարվա ազատազրկում։
Temirov Live-ի նախկին եւ գործող աշխատակիցներին ձերբակալել են 2024թ. հունվարին։ Ղրղզստանի ՆԳՆ-ն լրագրողներին ներկայացրել է «իշխանության ներկայացուցիչներին չենթարկվելու եւ զանգվածային անկարգությունների կոչեր անելու, քաղաքացիների հանդեպ բռնության կոչերի» մեղադրանք (Ղրղզստանի ՔՕ հոդված 278, մաս 3)։
Ինչպես հայտնել են մեղադրյալների փաստաբանները, լրագրողների քրեական հետապնդումը կառուցվել է լեզվաբանական փորձաքննության վրա, որը անկարգության կոչեր է համարել «Ազատությունը հենց այնպես չի տրվում, մենք բոլորս պետք է պայքարենք նրա համար» արտահայտությունը։ Այս մեջբերումը ղրղզական «Մանաս» էպոսից է։ Այս արտահայտությամբ Temirov Live-ի լրագրողները ավարտել են իրենց թողարկումները։
Temirov Live-ի հիմնադիր Բոլոտ Թեմիրովը լրագրողների հետապնդումը կապել է նրանց մասնագիտական գործունեության հետ։ Temirov Live յութուբ-ալիքում թողարկվում են ռեզոնանսային հետաքննություններ կոռուպցիայի մասին Ղրղզստանի պետական կառույցներում։ Ավելի վաղ իշխանությունները մի քանի քրեական գործեր էին հարուցել Թեմիրովի դեմ։ 2022թ. նոյեմբերին նրան զրկել են Ղրղզստանի քաղաքացիությունից եւ արտաքսել երկրից։





























