Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել չմանիպուլացնել պատերազմի թեման ընտրարշավում։ Ինչպես տեղեկացրել է «Европейская правда»-ն, այս հայտարարությունը Ուկրաինայի ԱԳՆ-ն հրապարակել է հոկտեմբերի 10-ին։

«Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտում է Վրաստանի ղեկավարության հերթական փորձերը՝ ներգրավելու Ուկրաինան իր երկրի ներքաղաքական գործընթացներում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որոնք կայանալու են հոկտեմբերի 26-ին։ Նկատի ունենալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի քամահրական տոնը՝ հերթական անգամ, ստիպված ենք հերթական անգամ արտահայտել Ուկրաինայի դիրքորոշումը»,- նշված է հայտարարությունում։

ԱԳՆ-ում ափսոսանք են հայտնել, որ վրացական իշխանությունը Ռուսաստանի նման փորձում է սահմանափակել քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպան կազմակերպությունների մասնակցությունը երկրի դեմոկրատական զարգացման ապահովմանը, եւ Վրաստանի կառավարությունը վերածվել է «Կրեմլի քսերոքսի»։

«Պետք է հիշեցնենք էլի որոշ ճշմարտություն, որը մոռացել է մերկացնել Վրաստանի վարչապետը։ Վրաստանի իշխանությունների հրաժարումը միջազգային պատժամիջոցներին աջակցելուց, որոնք մտցվել են ՌԴ-ի դեմ ի պատասխան Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի, վերականգնել է ուղիղ օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, իսկ 2000-ականների սկզբին մտցված վիզային ռեժիմի չեղարկումը եւ երկկողմ առեւտրի ակտիվացումը Վրաստանը վերադարձրել է Մոսկվայից տնտեսական եւ քաղաքական կախվածության ձեւաչափ»,- շարունակվում է հայտարարությունում։

Բացի այդ, ԱԳՆ-ն  կոչ է արել «ցանկացողներին մերկացնել ճշմարտությունը», ուշադրություն դարձնել, որ ապաօկուպացված Խերսոնում, որը մշտապես գնդակոծվում է, լույսի եւ գազի մատակարարումներն այժմ ավելի կայուն են, քան Թբիլիսիի ամենօրյա կյանքում։

Այս պասաժը ակնհայտորեն պատասխանն է «Վրացական երազանքի» նախընտրական քարոզչության, որտեղ պաստառների վրա հակադրվում են ավերածություններն Ուկրաինայում եւ կյանքը Վրաստանում, որի քննադատությանը վարչապետ Կոբախիձեն պատասխանել է, որ այդ պաստառները «մերկացրել են ճշմարտությունը» պատերազմի մասին։

«Ուկրաինան հերթական անգամ կոչ է անում Վրաստանի կառավարությանը զերծ մնալ մեր պետությունը եւ Ուկրաինայի քաղաքացիներին Վրաստանի ներքաղաքական գործընթացներում ներքաշելուց, ինչպես նաեւ «չխաղալ ուկրաինացի ժողովրդի արյան եւ տառապանքի» վրա։ Հուսով ենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցնեն խաղաղ եւ դոմոկրատական ուղիով, իսկ վրացի ժողովուրդը կշարունակի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու ռազմավարական գիծը»,- նշել են ԱԳՆ-ում։