ԵՄ-ը հետաձգել է կենսաչափական ստուգման նոր համակարգի ներդրումն այն երկրների քաղաքացիների մուտքի համար, որոնք չեն մտնում ԵՄ-ի մեջ։ Համակարգը պետք է մտցվեր նոյեմբերի 10-ին, բայց Գերմանիան, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները հայտնել են, որ սահմանային համակարգչային համակարգերը դեռ պատրաստ չեն, տեղեկացրել է Reuters-ը։

«Նոյեմբերի 10 ամսաթիվն այլեւս չի քննարկվում»,- լրագրողներին ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։

Նրա խոսքով՝ նոր ժամանակացույց դեռ չկա, բայց դիտարկվում է փուլային ներդրման հնարավորությունը։

Ենթադրվում է, որ մուտքի/ելքի համակարգը (The Entry/Exit System, EES) կստեղծի թվային գրանցում կենսաչափական տվյալներով, որոնք կհաստատեն մարդու ինքնությունը, ինչը կվերացնի անձնագրում ձեռքով դրոշմ դնելու անհրաժեշտությունը ԵՄ արտաքին սահմանին։

Դա կպահանջի ԵՄ-ի մեջ չմտնող երկրների քաղաքացիներից եւ Շենգեն գոտում ազատ տեղաշարժվողներից գրանցել իրենց մատնահետքերը, սքանավորել դեմքը եւ պատասխանել իրենց ժամանելու մասին հարցերին։

Բայց Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երեք երկրներ, որոնց բաժին է ընկնում ուղեւորահոսքի 40 տոկոսը, պատրաստ չեն EES-ի ներդրմանը, քանի որ «EES-ի կենտրոնական համակարգի անհրաժեշտ կայունությունը եւ ֆունկցիոնալությունը, որը պետք է ապահովվի ЕС EU-Lisa գործակալության կողմից, դեռ չի ներդրվել»։ EU-Lisa-ն գործակալություն է որը պատասխանատու է ԵՄ-ում մեծածավալ ՏՏ համակարգերի ներդրման համար։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ չնայած Ֆրանսիան համոզված է, որ EES-ը օգտակար է, դրա ներդրումը պետք է պատրաստ լինի հավուր պատշաճի։

Նիդեռլանդների կառավարությունում այս ինֆորմացիան չեն մեկնաբանել։