Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը Taurus թեւավոր հրթիռներ են արձակել ուղիղ կրակի վարժանքների ժամանակ, որն առաջին անգամ տեղի է ունեցել 2017 թվականից ի վեր։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ զինվորականներին հղումով։

Նշվում է, որ հրթիռները արձակվել են հոկտեմբերի 8-ին և 10-ին՝ F-15K կործանիչներից։ Հրթիռները թռել են մոտ 400 կմ և խոցել Դեղին ծովում նախատեսված թիրախը։

Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-35A և KF-16 կործանիչներն անցկացրել են թեւավոր հրթիռներ որսալու վարժանքներ։

Վերջին անգամ Կորեայի Հանրապետությունը Taurus-ն օգտագործել է 2017 թվականին՝ որպես ուժի ցուցադրություն Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներից հետո։ Այս թեւավոր հրթիռները կարող են հասնել ԿԺԴՀ-ի ցանկացած թիրախի 15 րոպեի ընթացքում, եթե արձակվեն Սեուլի մերձակայքից, գրում է Yonhap-ը։