Կոսովոյի հյուսիսում պահպանվող էթնիկ լարվածությունը կարող է բռնության կրկնություն հրահրել, որն այս շրջանում նկատվել էր անցած տարի, երբ փոխհրաձգության ժամանակ զոհվել էր չորս մարդ, իսկ ՆԱՏՕ խաղաղապահները վիրավորվել էին բախումների ընթացքում, շաբաթ օրը նախազգուշացրել է ռազմական դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացրել է Reuters-ը։

Կոսովոյում ապրում են գերազանցապես էթնիկ ալբանացիներ, բայց մոտ 50 000 սերբերը երկրի հյուսիսում չեն ընդունում Պրիշտինայի կառավարությունը եւ Բելգրադն են համարում իրենց մայրաքաղաքը։ Կոսովոն, որը նախկին սերբական նահանգ էր, 2008թ. անկախություն է հռչակել տասը տարվա պարտիզանական ապստամբությունից հետո։

ԱՄՆ ՌԾՈւ ծովակալ Սթյուարտ Մանշը՝ Նեապոլում ՆԱՏՕ ուժերի Միավորված հրամանատարության հրամանատարը, որը ղեկավարում է  ՆԱՏՕ խաղաղապահ ուժերը Կոսովոյում, հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես անհանգստացած է բռնության կրկնման վտանգից անհանգիստ հյուսիսում։

«Թեժ քաղաքական հռետորաբանությունը կարող է ոգեշնչել որոշ ոչ կառավարական ուժերի բռնության ակտեր կատարել, ինչպես տեղի ունեցավ անցած տարի։ Ես չէի ասի, թե հաստատ հակամարտություն է հասունանում, ես կարծում եմ, որ մշտական վտանգ կա»,- ասել է նա՝ նկատի ունենալով առաջընթացի բացակայությունը Կոսովոյի կառավարության եւ Սերբիայի միջեւ բանակցություններում՝ ԵՄ միջնորդությամբ։

2023թ. սեպտեմբերին մեկ ոստիկան եւ երեք զինված մարդիկ սպանվեցին, երբ մինչեւ ատամները զինված չարագործների խումբը թափանցեց Սերբիայի տարածք եւ հարձակվեց ոստիկանության վրա Բանսկա գյուղում։

Չորս ամիս առաջ ավելի քան 90 զինվոր վիրավորվեց, երբ սերբ ցուցարարները հարձակվել էին ՆԱՏՕ խաղաղապահների վրա։ Կոսովոն Սերբիային մեղադրեց Բանսկայում հարձակմանը հանցակցության մեջ, բայց Բելգրադը հերքեց այդ մեղադրանքները։ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը՝ Կոսովոյի դաշնակիցները, քննադատեցին Պրիշտինայի կառավարությանը միակողմանի գործողությունների համար երկրի հյուսիսում, որոնք կարող են էթնիկ բռնություն հրահրել եւ սպառնալիքի տակ դնել ՆԱՏՕ մոտ 4 000 զինծառայողների կյանքը,  որոնք հերթապահում են այնտեղ։ Կոսովոն հերքում է նման քննադատությունը, եւ այս հարցը սրել է Պրիշտինայի հարաբերություններն արեւմտյան դաշնակիցների հետ։

ԵՄ միջնորդությամբ երկխոսության շրջանակում Կոսովոն եւ Սերբիան արդեն ավելի քան տասը տարի բանակցություններ են վարում իրենց հարաբերությունների կարգավորման մասին, բայց առաջընթացն աննշան է։