Լեհաստանը նախատեսում է ժամանակավորապես դադարեցնել ապաստանի իրավունքի գործողությունը անլեգալ միգրացիայի սահմանափակման ռազմավարության շրջանակում Բելառուսի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, որին Վարշավան մեղադրում է միգրանտներին իր սահմանով անցկացնելու մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

«Միգրացիոն ռազմավարության տարրերից մեկը կլինի ապաստանի իրավունքի ժամանակավոր տարածքային դադարեցումը։ Ես կպահանջեմ դա, ես կպահանջեմ, որ Եվրոպայում ճանաչեն այդ որոշումը։ Որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այն օգտագործվում (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի... մաքսանենգների, մարդկանց առեւտրով զբաղվողների կողմից, ինչպես է ապաստանի այդ իրավունքը օգտագործվում հենց ապաստանի իրավունքի էության դեմ»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր լիբերալ Քաղաքացիական կոալիցիայի կազմակերպած կոնգրեսում։

Տուսկը հայտնել է, որ միգրացիոն ռազմավարությունը կներկայացնի կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում, ընտրությունների առաջին տարեդարձի օրը, որոնք նրա գլխավորած կոալիցիան իշխանության բերեցին։

2023թ. դեկտեմբերին պաշտոնն ստանձնելու պահից Տուսկը կոշտ քաղաքականություն է վարում միգրացիայի դեմ, ռազմավարություն, որը լայն հանրային աջակցություն է վայելում, բայց որը տագնապեցրել է ակտիվիստներին, որոնք հուսով էին, որ նա կհրաժարվի նախորդ՝ ազգայնական վարչակազմի մոտեցումից։ Հուլիսին Լեհաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը հեշտացնում է անվտանգության ծառայությունների կողմից միգրանտների դեմ զենք օգտագործելը Բելառուսի հետ սահմանին։

Միգրացիան կարեւոր տեղ է զբաղեցնում Լեհաստանի օրակարգում 2021-ից, երբ մեծ թվով մարդիկ, հիմնականումՄերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից, սկսեցին փորձել անլեգալ հատել Բելառուսի հետ սահմանը ճգնաժամի հետեւանքով, որի ծագման մեջ Վարշավան մեղադրեց Մոսկվային եւ Մինսկին։ Սակայն Ռուսաստանը եւ Բելառուսը չեն ընդունում իրենց պատասխանատվությունը։