«Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հաշվի առնելով ԲՀԿ-ականների վերջին ձերբակալությունները, առաջիկայում պատրաստվում է հանդիպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նա ցանկանում է հասկանալ, թե իր ընտանիքի անդամների ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունե՞ն, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ վերջինս Գառնիում ԲՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավարն է եղել:
«Այո պատրաստվում եմ հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ: Բայց նրա հետ հանդիպելը հեշտ չէ, քանի որ Գագիկ Ծառուկյանը շատ գործեր ունի: Սակայն ամենայն հավանականությամբ կհանդիպեմ»,- ավելացրեց Սուրեն Հակոբյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 23-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ավազակախումբ են վնասազերծել: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը, նրա կին` Մարինան եւ եղբայրը Անդրանիկ Հակոբյանը կալանավորվել են: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:
Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները:


























