Վիլնյուսում, դեկտեմբերի 6-ին, մեկնարկած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանի առաջին օրը նշանավորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետիի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը` առավոտյան, Էդվարդ Նալբանդյանը մասնակցել էր ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին քննարկվել էին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 18-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը դիրքորոշումները ճշտելու եւ համադրելու նպատակով: Նախարարները քննարկեցին նաեւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումներին առնչվող հարցեր:  

Բացի այդ, Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ, որտեղ նրանք քննարկել են քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր, անդրադարձել արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնախնդրին:

Վիլնյուսում  Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի ԱԳ նախարար Քեւին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին: Քեւին Ռուդը տեղեկացրել է, որ մտադիր է Հայաստան այցելել հաջորդ տարվա առաջին կեսին: