Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 10-րդ դատարանում «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով 57-րդ դատավարության ժամանակ մերժվել են մի շարք կասկածյալների ազատ արձակման միջնորդությունները։
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 6-ին 224 ձերբակալված եւ ստորագրությամբ ազատ արձակված կասկածյալներով «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով հերթական դատավարությունը տեւել է 2 ժամ։ Դատավարությունն անցել է լարված մթնոլորտում։ Ձերբակալված կասկածյալների հարազատները անընդհատ փորձել են խանգարել դատական նիստը։
Դատարանը մերժել է մի շարք կասկածյալների նկատմամբ փոխել խափանման միջոցը եւ հետաձգել դատավարությունը մինչեւ հունվարի 5-ը։
Նշենք, որ 2010-ի հունվարին թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝ ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։
Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:
«Մեծ մուրճ» հեղաշրջման նախագծի մեջ մեղադրվող գեներալներից են՝ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Հալիլ Իբրահիմը Ֆըրթնան, ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, 1-ին ցամաքային ուժերի հրամանատարության նախկին հրամանատար Չեթին Դողանը, ԶՈՒ-ի կապի եւ էլեկտրոնային տեղեկատվության համակարգերի հրամանատար Քադիր Սաղդըչը, հյուսիսային ծովային ավազանի հրամանատար Մեհմեդ Օթուզբիրօղլուն եւ այլոք։



























