Եթե ՀՀԿ-ն Միացյալ աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանին հրավիրի իր նախընտրական ցուցակ, նա կհրաժարվի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսում ասել է ինքը` Գ. Արսենյանը, անդրադառնալով 2012-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Քաղաքական դաշինքների կողմնակից եմ, եթե գաղափարական են, եթե պատեհապաշտական նպատակներ ունեն, ապա չեմ ողջունում»,-ասաց նա ու հավելեց. «Քաղաքական դաշտում պետք է լինի երկխոսություն, բանավեճ, որպեսզի Հայաստանի քաղաքացին հասկանա, թե ինչ է ուզում»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հնարավորություններին, ՄԱԿ-ի նախագահը նշեց. «Իմ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ընտրությունների պարագայում մենք ականատես կլինենք իշխող կուսակցության ձայների անկման»: Նա նկատեց, որ վերջին շրջանում իշխանական դաշտում կադրային փոփոխությունները հասարակության կենսամակարդակը չեն բարձրացրել:

Անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին, Արսենյանն ասաց. «Այդ ընտրությունները կանխատեսելի չէին, դրանք մտորումների տեղիք են տալիս թե´ Ռուսաստանի, թե´ Հայաստանի քաղաքական վերնախավին: Ռուսաստանի ընտրողներն էական նշանակություն են տվել ընդդիմադիր ուժերին, ինչի շնորհիվ նրանք մեծացրեցին իրենց ներկայությունը Պետական դումայում: Դա սոցիալական բողոքի դրսեւորման արտահայտություն էր»: