Թաիլանդի տուրիզմի եւ սպորտի նախարարությունը նախատեսում է տուրք մտցնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար 300 բատի (մոտ 9 դոլար) չափով։ Այս մասին տեղեկացրել է Bangkok Post թերթը՝ հղում կատարելով գերատեսչության ղեկավար Սորավոնգ Թհիենթհոնգին։

Առաջին փուլում նախատեսվում է տուրք վերցնել ավիատրանսպորտով երկիր եկած զբոսաշրջիկներից։ Հետո միջոցը կտարածվի նաեւ ցամաքային միջոցներով երկիր եկածների վրա։ Սպասվում է, որ այդ գործընթացը կտեւի մոտ վեց ամիս։

Ինչպես նշել է Թհիենթհոնգը, տուրքը զբոսաշրջիկները կկարողանան մուծել վեբ-կայքով կամ հավելվածով, որոնք կստեղծվեն հետագայում։ Ենթադրվում է, որ տուրքի վճարումը նման կլինի նրան, ինչը կիրառվում է գրանցման K-ETA հարավկորեական համակարգում, որը պահանջում է գրանցվել երկիր մտնելիս եւ օնլայն-վճարում կատարել։

Նախատեսվում է, որ 300 բատ գումարի մեջ կներառվի ապահովագրական մուծումը 60 բատի (1,8 դոլար) չափով։ Ապահովագրությունը կգործի 30 օր։ Մահացու ելքի դեպքում ապահովագրական վճարի գումարը կկազմի 1,5 մլն բատ (44 հազար դոլար), իսկ վնասվածք ստանալու դեպքում՝ 500 հազար բատ (14,9 հազար դոլար)։