Սեւան քաղաքի «Օրսետտո» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով քրեական գործ է հարուցվել: Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով: Քրգործի շրջանակներում ձերբակալվել է Արա Սմբատյանը, միջոցառումներ են  ձեռնարկվում Ռազմիկ Մելոյանին, միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես և  ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 4-ին, ժամը 21-ին ոստիկանության Սեւանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Սեւանի քաղաքային լողափի հարեւանությամբ գտնվող «Օրսետտո» ռեստորանում Սեւան քաղաքի բնակիչներ Արա Սմբատյանի եւ Ռազմիկ Մելոյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Ծեծկռտուքին ներկա են եղել նրանց ընկերները: Այդ ընթացքում Արա Սմբատյանն իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակից կրակել եւ վնասվածք է պատճառել Հրաչյա Անտոնյանին: Անտոնյանից ընդունվել է հաղորդում, տրվել է դատաբժշկի ուղեգիր: Վերջինիս վնասվածքը, ի դեպ, լուրջ չի եղել, համենայն դեպս «Սեւանի հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն Արամ Նիկողոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ նման անուն-ազգանունով անձ իրենց մոտ չի տեղափոխվել:

NEWS.am-ի տեղեկություններով, ծեծկռտուքը կապված է եկող տարի կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ: Ռազմիկ Մելոյանը ներկայիս քաղաքապետ Գեւորգ Մալխասյանի մտերիմն է, իսկ Արա Սմբատյանը պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում: