Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, դեկտեմբերի 7-ին, վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրազախանյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգիստ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի անմեղ զոհերի:

Հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել երկրաշարժի զոհերի հարազատները, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի Հայերի Միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հավատացյալներ:

Չարագույժ երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքն են մատուցել Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանի վերաինտեգրման փոխնախարար Զվիադ Զվիադաուրին:

Հավաքվածներին ուղղված իր խոսքում տեր Վազգեն եպիսկոպոս Միրազախանյանը կարեւորել է ծանր օրերին Հայաստանին եւ հայ ժողովրդին մենակ չթողնելու հանգամանքը. աշխարհը սատար կանգնեց հարվածի ծանրությունից ցնցված հայ ժողովրդի կողքին եւ այդ սատարողներից առաջինը Վրաստանն ու վրաց ժողովուրդն էր, որը բարեկամի ջերմությամբ, դրացու անմիջականությամբ հասցրեց առաջին օգնությունը, ընդգրկվեց երկրաշարժի փլատակներից մարդկանց փրկության աշխատանքներին, ընդունեց ու դարմանեց հազարավոր տուժածների ու անապաստան մնացածների: Դա է իսկական բարեկամի, իսկական հարեւանի վերաբերմունքը,- հավելեց վիրահայոց հոգեւոր առաջնորդը:

Նույն օրը Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլի Վայների նոտային ժողովածուի եւ «Դաշնամուրային պիեսների» համերգ-շնորհանդեսը: Ստեղծագործությունները կատարել է Հայաստանի վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյանը: Համերգի ժամանակ կատարվել են նաեւ հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: