2012թ. սկսվելու է «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ գործողությունների ծրագրով» նախատեսված գործողությունների իրականացումը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ռենատե Հելդիի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն` հույս հայտնելով, որ ՄՄԿ-ն ակտիվորեն կաջակցի ՀՀ կառավարությանն այդ գործում:

Կողմերը քննարկել են միգրացիոն ոլորտում համագործակցության հարցեր: Փոխվարչապետը կարեւորել է ՄՄԿ-ի ներդրումը ՀՀ կառավարության կողմից միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում, մասնավորապես` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ անձը հաստատող բիոմետրիկ քարտերի համակարգի ներդրման հարցերում: Իր հերթին Ռենատե Հելդը հավաստիացրել է, որ ՄՄԿ-ն հնարավոր առավելագույն աջակցություն կցուցաբերի այս կարեւորագույն ծրագրի իրականացման գործում: Բացի այդ, ՄՄԿ-ն պատրաստ է ներդրում ունենալ նաեւ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագրից բխող կոնկրետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում է «Շարժունակության շուրջ գործընկերություն» վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ քաղաքական հռչակագրի շուրջ դեկտեմբերի 7-ին ՄՄԿ-ի եւ ՀՀ կառավարության կողմից Երեւանում կազմակերպված համաժողովին մասնակցելու, ինչպես նաեւ ՄՄԿ գրասենյակի Հայաստանում ծավալած գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով: Հանդիպման ավարտին փոխվարչապետը ՄՄԿ տարածաշրջանային տնօրենին փոխանցեց ՄՄԿ գլխավոր տնօրենի` 2012թ-ին Հայաստան այցի հրավերը: