Չորս մարդ տուժել է կացնով ծեծկռտուքի հետևանքով RER E քաղաքամերձ գնացքում, որն այդ պահին Փարիզի մոտակայքի Օզուար լը Ֆերյե կայարանում էր, հայտնում է Euronews-ը։
Ոստիկանության տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ի սահմաններում։ Կռվողները կացին, դանակ, երկար ճապոնական թուր՝ կատանա և բեյսբոլի զարկիչներ են բանեցրել։ Ծեծկռտուքի պատճառները դեռևս անհայտ են։
Տուժածներից մեկի ձեռքը կտրել են, մյուսի գանգը պատռվել է։ Մնացածներն ավելի նվազ լուրջ վնասվածքներ են ստացել։
Ոստիկանության UN1TE ստորաբաժանման ներկայացուցիչ Ռեդա Բելհաջն ուշադրություն է հրավիրում ուշագրավ հանգամանքի վրա՝ նշելով, որ կռվի մասնակիցները մոտ 16-17 տարեկան են: «Նրանք շատ երիտասարդ են, դատելով նկարագրություններից՝ ավագ դպրոցի աշակերտներ են»,-ասել է ոստիկանը։
«Զարմանալի է, որ դա տեղի ունեցավ առավոտյան ութին, երկշաբաթյա արձակուրդից հետո դպրոցի առաջին օրը: Երևի դա նշանակում է, որ նրանք այնտեղ հանդիպում են ունեցել։ Ապշեցուցիչը Նաև այն է, որ դա կարող է նշանակել, որ նրանք դպրոցներ էին գնում զենքով»,- ասել է Սեն-է-Մարնի ոստիկանության ներկայացուցիչ Իվան Ասիոման:
Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, հարձակման հեղինակներն այլևս այնտեղ չեն եղել։ Ավելի ուշ նրանց պարագլուխը՝ 16-ամյա տղան, ձերբակալվել է իր տանը։ Այնտեղ հայտնաբերվել է նաև կացինը։
Իրավապահները կարծում են, որ միջադեպն առնչվում է հանցավոր խմբավորումների միջև տեղի ունեցած բախմանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ առնչությույն չունի։
Գիծը, որի վրա տեղի է ունեցել միջադեպը, սպասարկում է Փարիզի մետրոպոլիայի տարածքը՝ արևելքից արևմուտք՝ անցնելով Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնի Սեն-Լազար երկաթուղային կայարանով։





























