Դեկտեմբերի 8-ին, ժամը 22:30-ի սահմաններում  խոշոր պատահար է տեղի ունեցել Վանաձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Վանաձորի Լենինգրադյան փողոցի սկզբնամասում միմյանց են բախվել Մարգար Մարգարյանին պատկանող մարդատար  ՈՒԱԶ մակնիշի 36 ՕԼ 086 համարանիշի եւ բեռնատար ԳԱԶել մակնիշի 843 ՏՍ 36 համարանիշի ավտոմեքենաները:

Բախումն այնքան ուժգին է եղել, որ ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան այնուհետ հարվածել է էլեկտրասյանը, ինչի արդյունքում էլ ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար, վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Մեքենայում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել Լոռու ճանապարհային ոստիկանները` ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցները:

Հետաքննիչի կարգադրությամբ երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Կատարվում է քննություն:

Լուսանկարները` Շուշաննա Գրիգորյանի