Երեւանում, դեկտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 21.40-ի սահմաններում, Չարենցի եւ Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածում, ավտովթարի վայրում քաշքշել ու վնասվածքներ են հասցրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողները այդ վայրից բերման են ենթարկել երեք երիտասարդի:

Նրանք ավտովթարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հավաքված քաղաքացիների նկատմամբ` շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել եւ հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: