Մեքսիկայի թմրակարտելի անդամների բռնությամբ հայտնի հարավային շրջանի ոստիկանությունը հայտնաբերել է մայրուղու վրա նետված 11 մարդու, այդ թվում՝ երկու անչափահասների դիեր, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Գուերերո նահանգի դատախազությանը:

Դատախազները չեն նշել մահացած երկու անչափահասների տարիքը, սակայն հայտնել են, որ 11 դիերից երկուսը իգական սեռի են: Մայրուղին, որտեղ նրանք հայտնաբերվել են, Մեխիկո քաղաքի և Ակապուլկո հանգստավայրի միջև գլխավոր ճանապարհն է:

Դիակները հայտնաբերվել են չորեքշաբթի երեկոյան տեղական ժամանակով, երբ ոստիկանությունը տեղեկություն է ստացել նահանգի մայրաքաղաք Չիլպանսինգո քաղաքի գլխավոր մայրուղու վրա լքված պիկապի մասին:

300 հազար բնակչություն ունեցող քաղաքը դարձել է դաժան թմրակարտելի խմբավորումների բռնությունների թատերաբեմ, քանի որ երկու հակառակորդ կարտելներ պայքարում են տարածքը վերահսկելու համար: