Ընդհանրապես Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից երկրներին հատկացվող գումարներն ուղղվում են տվյալ երկրների Կենտրոնական բանկերի պահուստների համալրմանը, սակայն այս տարի առաջին անգամ այդ Հայաստանին տրվող 820 միլիոն դոլարի գումարների մի մասը 150 միլիոն դոլարի չափով ուղղվել են պետական բյուջեի ծախսերի կատարմանը: Այսօր այս մասին լրագրողներին հայտնել ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը: «Մենք հավատում ենք, որ ճգնաժամի պայմաններում պետք է ոչ թե կրճատել ծախսերը, այլ, անգամ, ավելացնել, որպեսզի դրանով խթանենք տնտեսությունը»,- ասաց նա՝ նկատելով, որ դա ավելացնում է բյուջեի դեֆիցիտի չափը:

Նշենք, որ այս տարի բյուջեի դեֆիցիտը կազմել է 230 միլիոն դոլար, որը ՀՆԱ 7,5 տոկոսն է, ինչը շատ վատ ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ 2008-ին դա կազմել է ՀՆԱ 1,6 տոկոսը: Նինկե Օմեսն ասաց, որ տարեցտարի, աստիճանաբար այդ ցուցանիշը կիջնի: Մասնավորապես՝ 2010 թվականին բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ 5,8 տոկոս, 2011-ին` 3 տոկոս, 2012-ին` 3,5 տոկոս, 2013-ին` 4 տոկոս եւ 2014-ին` 4,5 տոկոս:

NEWS.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Հայաստանում նկատվող կտրուկ գնաճը, Ն. Օմեսը նախ նշեց, որ սեպտեմբերին գնաճը կազմել է 3,7 տոկոս, իսկ արդեն հոկտեմբերին` 3,5 տոկոս, ապա հավելեց, որ ԱՄՀ-ն կանխատեսում է որ առաջիկա 2 ամիսներին գները աճելու են, որը պայմանավորված է երկու գործոնով: Առաջինն այն է, որ դրամն արժեզրկվում է, իսկ երկրորդ պատճառը որոշ ապրանքատեսակների միջազգային գների աճն է: