Միավորված ազգերի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) իր «Հաջողության ուղին» զեկույցում՝ Համաշխարհային պարենային գագաթնաժողովի նախօրեին Հայաստանին ընդգրկել է այն չորս երկրների ցանկում, որոնց հաջողվել է կրճատել սովյալների թիվը: Հայաստանի հետ նույն քառյակում են հայտնվել Վիետնամը, Բրազիլիան եւ Նիգերիան:

Վերոնշյալ զեկույցում, որտեղ ներկայացված են աշխարհի 131 երկրներ, FAO-ն, վերլուծել է այդ չորս երկրների օրինակը՝ որպես աղքատության եւ սովի դեմ պայքարում առավելագույն հաջողության հասած: Այդ երկրների ձեռքբերումների վրա հիմնվելով, զեկույցը ներկայացնում է չորս հիմնական գործոն այդ խնդիրների լուծման համար՝ տնտեսական աճի համար համապատասխան պայմանների ստեղծում, առավել չքավորներին օգնություն ցույց տալու եւ առավել աղքատ շրջաններում ներդրումներ անելու համակարգված ծրագիր, ձեռքբերումների պահպանում, եւ ապագա իրավիճակի կայունացման ծրագրի մշակում: