Արժույթի միջազգային հիմնադրամը այս պահի դրությամբ Հայաստանին է հատկացրել 480 միլիոն դոլար, որից 150 միլիոն դոլարն ուղղվել է պետական բյուջեի ծախսերի կատարմանը, իսկ մնացած մասը ԿԲ պահուստների համալրմանը: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ ԱՄՀ-ն Հայաստանին պետք է հատկացնի 820 միլիոն դոլարի օժանդակություն: Եկող տարվա բյուջեում եւս այդ գումարներից 150 միլիոն դոլարը կուղղվի բյուջեի ծախսերին, այսինքն այդ գումարը ներառված է բյուջեի դեֆիցիտի մեջ:
ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թեեւ 9 ամսվա կտրվածքով ՀՀ տնտեսական անկումը կազմել է 18,3 տոկոս, սակայն եթե դիտարկենք վերջին ամիսների կտրվածքով, ապա սեպտեմբերին գրանցվել է 1,6 տոկոսի աճ: Նա կանխատեսեց, որ տարվա վերջին ՀՆԱ անկումը կկազմի 15,5 տոկոս:
«18 տոկոսից ավելի անկումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է եղել շինարարության ոլորտով: Այսինքն ՀՆԱ անկման 2/3-ը` մոտ 14 տոկոսի մեղավորը հենց այդ ոլորտն է»,- ընդգծեց Նինկե Օմեսը:
Հարցին, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ Հայաստանի տնտեսական կառուցվածքը ամբողջությամբ սխալ է կառուցված, եւ այդ պայմաններում ինչու է ԱՄՀ-ն գովերգում կառավարության տնտեսական քաղաքականությունը, ԱՄՀ ներկայացուցիչը պատասխանեց. «Նախքան ճգնաժամը, շուրջ 5 տարի շարունակ ՀՀ տնտեսությունն աճում էր շատ արագ` երկնիշ թվերով, որը պայմանավորված էր շինարարության ոլորտի կտրուկ զարգացմամբ: Այդ ոլորտի ներդրումների մեծ մասը դրսից էր, հիմնականում Ռուսաստանից ուղարկվող գումարներով: Այդ գումարների զգալի մասը ներդրվել է անշարժ գույքի մեջ: Դրա պատճառն այն էր, որ շինարարության ոլորտը ամենաշահութաբերն էր: Այդ ժամանակ շինրարաությունը կազմում էր ՀՆԱ 30 տոկոսը»: Նրա ներկայացմամբ, երբ սկսվեց ճգնաժամը, մարդիկ այլեւս ներդրումներ չէին անում այդ ոլորտում: «Հավի ձվի պատմությունն է. Երբ մարդիկ ներդրումներ չեն անում, գները ընկնում են, որն էլ բերում է նրան, որ ներդրումներ չանեն»: Նա այդպես էլ հստակ պատասխան չտվեց, թե արդյո՞ք սխալ է եղել կառավարության տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում շինարարությունը այդքան մեծ տեսակարար կշիռ է ունեցել եւ դիվերսիֆիկացիայի պակաս ենք ունեցել տնտեսության մեջ:



























