«Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկային միջոցները չեն կարող վերակառուցվել»,- այսօր նման տեսակետ հայտնեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Հիշեցնենք, որ վերջերս ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր, թե բանակցություններ վարում այս տարի վարկեր տրամադրած միջազգային կատռույցների հետ, այդ վարկերը վերակառուցելու, այսինքն վերադարձման ժամկետները երկարացնելու շուրջ: Ն. Օմեսը հավաստիացրեց, որ իրենց հետ ՀՀ կառավարությունը որեւէ բանակցություն չի վարում եւ չի էլ կարող վարել, քանի որ իրենք վարկերը չեն վերակառուցում: «Այլ խնդիր է, որ այս վարկերից հետո Հայաստանի կառավարությունը դիմի նոր վարկ ստանալու խնդրանքով, այս անգամ ավելի երկար ժամանակով, բայց այս պահին նրանք մեզ չեն դիմել»,- ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ այս տարվա մարտին ՀՀ ԿԲ-ի հայտնի դիրքորոշմանը, որով ԿԲ-ն սահմանեց դոլարի փոխարժեքի միջակայք` 360-380 դրամի սահմաններում: Ընդ որում այդ միջակայքը վաղուց անցել ենք, քանի որ դոլարի փոխարժեքը այսօր կազմում է մոտ 388 դրամ: Նինկե Օմեսը նշեց, որ նման միջակայքեր ունենալը լավ գաղափար չէր: «Մենք երբեք խորհուրդ չենք տվել նման սահմաններ գծել: Պետք է թողնել, որ փոխարժեքը լողացող լինի»: NEWS.am-ի դիտարկմանը, թե այն ժամանակ, երբ ԿԲ-ն 700 միլիոն դոլար նետեց շուկա դրամի փոխարժեքը բարձր պահելու համար, ինչո՞ւ էր ԱՄՀ-ն լռում, չգիտե՞ր այդ մասին, թե թաքցնում էր, ԱՄՀ ներկայացուցիչը պատասխանեց. «Հավատացեք, որ ես այդ ժամանակ ԿԲ նախագահի սենյակում ի անցկացնում», նկատի ունենալով, որ ոչ հրապարակային, բայց ԱՄՀ-ն պնդել է, որ փոխարժեը ազատ թողնվի: «Մենք ավելի շատ ենք քննադատում կառավարությանը, քան դա անում ենք հրապարակային կերպով»,- ընդգծեց նա: