Օգտագործված հագուստի խանութներից ձեռք բերված հագուստները կարող են պարունակել բազմաթիվ վարակիչ պաթոգեններ, մասնավորապես՝ ոսկեգույն ստաֆիլոկոկը, սալմոնելլան, աղիքային ցուպիկը, նորովիրուսը և ռոտավիրուսը:
Դրա մասին The Conversation-ին հայտնել է Լեսթերի համալսարանի կլինիկական մանրէաբանության ավագ դասախոս Փրիմրոուզ Ֆրիսթոունը:
Մարդիկ գնալով ավելի շատ են հակվում օգտագործված հագուստ գնել՝ որպես մոլորակի ռեսուրսները խնայելու միջոց։ Սակայն, գիտնականի համոզմամբ, նման ապրանքները ի վիճակի են դառնալ բազմաթիվ պաթոգեն միկրոբների կրողներ, որոնք մնում են գործվածքի վրա պատշաճ կերպով չմաքրվելու դեպքում։
Գիտնականը նշել է, որ հագուստի վրա կարող են ապրել տարբեր վարակիչ պաթոգեններ, դրանց թվում՝ բակտերիաներ (ոսկեգույն ստաֆիլոկոկը, սալմոնելլան, աղիքային ցուպիկը) և սնկերը, որոնքմիկոզ կամ խուզող մկնատամ են առաջացնում։ Ֆրիսթոունը նշել է, որ Պակիստանի շուկայում վաճառվող օգտագործված հագուստի միկրոբիոմի ուսումնասիրությունը հաստատել է մաշկի և արյան վարակներ առաջացնելու ունակ Bacillus subtilis-ի և ոսկեգույն ստաֆիլոկոկի առկայությունը: Հայտնաբերվել են նաև մակաբույծներ, որոնք կարող են առաջացնել մաշկային հիվանդություններ, մասնավորապես՝ մաշկաբորբ կամ քոս:
Ֆրիսթոունը պարզաբանել է, որ մարդու մաշկի վրա առկա մանրէներն ի վիճակի են գոյատևել հագուստի վրա՝ սնվելով քրտինքի, ճարպի և մաշկի բջիջների սպիտակուցների ամինաթթուներով։ Ընդ որում, պաթոգեն միկրոօրգանիզմներն ընդունակ են գործվածքի վրա մնալ հագուստի տիրոջ փոփոխությունից հետո շուրջ մի քանի ամիս: Հատկապես բարձր խոնավության պայմաններում մանրէները կարող են շուրջ 200 օր գոյատևել պոլիմեր նյութերի վրա:
Մանրէներին առնչվող ռիսկերը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է օգտագործված հագուստը ճիշտ մաքրել: Խորհուրդ է տրվում այն լվանալ մոտ 60 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճանում լվացող միջոցով, ինչը կօգնի ոչ միայն հեռացնել կեղտը, այլև իսպառ ոչնչացնել ախտածին միկրոօրգանիզմները։
Գիտնականները միաժամանակ խորհուրդ են տալիս խաչաձև աղտոտումից խուսափելու համար օգտագործված հագուստը սովորական հագուստից առանձին լվանալ: Ապրանքները կարող են մի քանի ժամ ներծծվել հակաբակտերիալ փոշու լուծույթի մեջ՝ երաշխավորված լինելու համար, որ բոլոր մանրէները կոչնչացվեն:





























