Ճապոնիան զորքեր կուղարկի ԱՄՆ ծովային հետևակի և ավստրալական զորքերի հետ  Ավստրալիայի հյուսիսում համատեղ զորավարժությունների համար, կիրակի հայտարարել են երկրների պաշտպանության նախարարները՝ մտահոգություն հայտնելով «Չինաստանի ագրեսիվ զինվորականների հետ բախումների հաճախակի դառնալու կապակցությամբ», հաղորդում է Associated Press-ը:

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը Դարվինում բանակցությունների համար ընդունել է իր ամերիկացի և ճապոնացի գործընկերներ Լլոյդ Օսթինին և Նակատանի Գենին։

Նախարարները հայտարարել են 2025 թվականից Հյուսիսային Ավստրալիայում Ավստրալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ ծովային հետևակի ռոտացիոն ուժերի միջև եռակողմ դեսանտային զորավարժությունների անցկացման մասին, որը սկսվելու է Talisman Sabre  զորավարժություններով:

Ավստրալիան նաև հաջորդ տարի առաջին անգամ կմիանա Ճապոնիայում Exercise Orient Shield զորավարժություններին:

Համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է  Արևելյան և Հարավչինական ծովերում ապակայունացնող գործողությունների առիթով եղած «լուրջ մտահոգությունը», այդ թվում՝ չինացի զինվորականների «վտանգավոր վարքագիծը» Ֆիլիպինների և տարածաշրջանի այլ նավերի  նկատմամբ: Նախարարները նաև շեշտել են Թայվանի նեղուցի երկու կողմերում խաղաղության և կայունության կարևորությունը։

Անկախության ձգտող Թայվանը Չինաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, սակայն արևմտյան երկրները Միացյալ Նահանգների գլխավորությամբ խրախուսում են Թայվանի անկախության ձգտումը՝ զինելով նրան, ինչը գրգռում է Պեկինին: