Բանգլադեշի ժամանակավոր ղեկավար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսը կիրակի օրը հայտարարել է, որ իր վարչակազմը հասնելու է երկրի պաշտոնանկ արված վարչապետ Շեյխ Հասինային Հնդկաստանից արտահանձնմանը, որտեղ նա գտնվում է օգոստոսին զանգվածային ապստամբությունից փախչելուց հետո, հաղորդում է Associated Press-ը:

Իր իշխանության առաջին 100 օրվա կապակցությամբ ազգին ուղղված հեռուստաուղերձում Յունուսն ասել է, որ ժամանակավոր կառավարությունը պատասխանատվության կենթարկի մեղավորներին, ներառյալ Հասինային, հարյուրավոր մահվան դեպքերի համար ուսանողական ապստամբության ժամանակ, որը վերջ դրեց նրա 15-ամյա կառավարմանը:

Յունուսը պաշտոնը ստանձնել է օգոստոսի 8-ին՝ Հասինայի երկիրը լքելուց երեք օր անց։

Նա ասել է, որ հետաքննվելու են ոչ միայն ապստամբության ժամանակ մարդկանց մահվան դեպքերը, այլև մարդու իրավունքների այլ խախտումները, ներառյալ ենթադրյալ բռնի անհետացումները Հասինայի իշխանության օրոք:

Բանգլադեշը դիմել է Ինտերպոլ միջազգային կազմակերպության օգնությանը՝ Հասինայի և նրա համախոհների ձերբակալության համար  կարմիր ծանուցում տալու համար:

«Մենք ձգտելու ենք գահընկեց արված բռնապետ Շեյխ Հասինային վերադարձնել Հնդկաստանից, - ասել է Յունուսը:- Ես արդեն քննարկել եմ այդ հարցը Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի հետ»:

Յունուսն ասել է, որ իր կառավարության ամենակարևոր խնդիրը նոր ընտրություններ անցկացնելն է՝ իշխանությունն ընտրված կառավարությանը հանձնելու համար, սակայն ժամկետներին չի անդրադարձել: Նա ասել է, որ իր վարչակազմը նախ բարեփոխումներ է իրականացնելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ընտրական համակարգում: Յունուսը խոստացել է, որ ընտրական բարեփոխումների ավարտից հետո կհրապարակվի նոր ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզը։